ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Պրոսերվիս-Լ» մարդկային ռեսուրսների (ՄՌ/HR) խորհրդատվական ընկերության համատեղ իրականացրած հետազոտական ծրագրի շրջանակում կատարվել է կառավարման ոլորտում մարդկային կապիտալի և աշխատուժի վերլուծության հարցերի հետազոտություն, որի արդյունքում հրապարակվել է զեկույց՝ «Մարդկային կապիտալի գնահատումների և աշխատուժի վերլուծության դերը արդյունավետ կառավարման գործում. Հայաստանում գործող ձեռնարկություններում կատարված հետազոտության արդյունքների ամփոփ hաշվետվություն» վերնագրով Զեկույցը հեղինակել են Պրոսերվիս-Լ հիմնադիր, CIPD հավաստագրված անդամ, ՄՌ փորձագետ՝ Լիլիթ Հակոբյանը և ԵՊՀ ամբիոնի վարիչ, դոցենտ Ալվարդ Խառատյանը: Զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 27-ին ԵՊՀ-ում:
Կառավարման ոլորտում մարդկային կապիտալի գնահատումների և աշխատուժի մասին վերլուծություններ կատարելու պրակտիկան առաջին անգամ է լայնորեն ուսումնասիրվել Հայաստանում, այդ պատճառով զեկույցը կարելի է համարել եզակի գիտահետազոտական աշխատություն: Այն ամփոփում է նշված թեմայի վերաբերյալ հայտնի հայեցակարգերն ու միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև Հայաստանում առկա պրակտիկան, որը հիմնված է հայաստանյան ավելի քան հիսուն ձեռնարկություններում (ՏՏ, ֆինանսական ծառայություններ, սննդամթերք/սննդի ծառայություններ, զբոսաշրջություն, տեքստիլ և այլն) կատարված հարցման արդյունքների վրա:
Զեկույցում հստակեցվում են հաճախ նույնացվող, սակայն իրարից տարբեր երկու գործընթացները՝ մարդկային կապիտալի (ՄԿ, անգ. HC/HR reporting) տվյալների հիման վրա հաշվետվություններ կազմելը և աշխատուժի մասին վերլուծություններ կատարելը (անգ. people analytics): Մանրամասն անդրադառնալով նշված երկու գործընթացների հիմնական խնդիրներին և թերություններին (օր. մարդկային կապիտալի զեկույցներ կազմելու գործում համընդհանուր չափանիշների, չափորոշիչների և ձևաչափի որոշման հարցը մնում է չլուծված), հեղինակները նշում են այն օգուտները, որոնք կազմակերպությունները կարող են ստանալ այդ գործընթացները կազմակերպության մշակույթում ներմուծելու և կատարելագործելու պարագայում, օրինակ` որոշումներ, որոնք հիմնված են ոչ թե ենթադրությունների, այլ չափորոշիչների, վերլուծության և գնահատման վրա, մարդկային կապիտալի մեջ կատարված ներդրումների հատույցի գնահատում, ներդրումների ներգրավում ՄԿ մասին պատշաճ տեղեկատվության տրամադրման միջոցով, բիզնես խնդիրների և ռիսկերի գնահատում և նվազեցում, ինչպես նաև խորհրդատվություն բիզնես գործունեության զարգացումները կանխատեսող վերլուծության միջոցով և այլն: Հեղինակները նշում են նաև, որ աշխատուժի վերլուծությունը ի թիվս այլ առավելությունների, կարող է նպաստել կազմակերպությունում տեղեկատվության և տվյալների արդյունավետ փոխանակմանը տարբեր ոլորտային ստորաբաժանումների միջև, ապահովել հաղորդակցման որակի բարելավում:
Զեկույցը ներկայացնում է հայաստանյան բիզնես ընկերություններում մարդկային կապիտալի մասին հավաքվող ու զեկուցվող տվյալների և ցուցանիշների տեսակների, ծավալների, հաճախականության ամփոփ տվյալներ: Ըստ հարցման արդյունքների, օրինակ, համալրման/ընտրության ծախսերի շարքում ամենահաճախ զեկուցվող ցուցանիշը կարելի է համարել թափուր տեղը լրացնելու ժամանակը՝ 45.1%, նոր դիմորդների քանակն` ըստ պաշտոնների/աշխատողների/աշխատատեղերի՝ 45%: Սակայն, նշված երկու ցուցանիշն էլ պարբերաբար զեկուցում են հարցված կազմակերպությունների կեսից պակասը: Բացի այդ, ներկայացվել են եզրակացություններ կազմակերպություններում վերլուծության մշակույթի մակարդակի, վերլուծություններ կատարելու և կատարողականի, ինչպես նաև ՄՌ մեխանիզմների և տարբեր գործոնների միջև կապերի և փոխազդեցությունների մասին: Այդ եզրակացություններից մեկը վերլուծության մշակույթի և կատարողականի միջև առկա դրական կորելյացիոն կապն է, որն ակնառու դարձավ ուսումնասիրության արդյունքում: Հետազոտությունը նաև մատնանշում է տվյալների վերլուծության հետ կապված խնդիրներ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, օրինակ` հարցման արդյունքների համաձայն աշխատուժի վրա կատարված ծախսերի և օգուտների զեկուցման գնահատականների շարքում աշխատուժի մեջ կատարված ներդրումների հատույցը վերլուծվում է կազմակերպությունների 33%-ում, իսկ հոսունության ուղղակի ծախսերի տարեկան ցուցանիշը վերլուծվում է կազմակերպությունների 27%-ում: Ավելի մանրամասն տե՛ս այստեղ։ Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացվում աշխատուժի վերլուծության գործում ՄՌ (HR) գործառույթի դերին և նշանակությանը: Հաշվի առնելով գործարար ոլորտում և ՄՌ հանրության շրջանում ՄՌ գործառույթի դերի բարձրացման թեմայով քննարկումները, հեղինակները նշում են, որ աշխատուժի վերլուծությունը ՄՌ-ին եզակի հնարավորություն է տալիս դառնալու ռազմավարական բիզնես գործընկեր և ընդլայնելու իր ազդեցության ոլորտն ու աստիճանը՝ անցում կատարելով սոսկ ծառայություն մատուցողից դեպի փորձագիտական վերլուծություն ապահովող և որոշումների կայացմանը մասնակցող գործառույթի և, ըստ այդմ, հավելյալ արժեք ստեղծել ընկերության համար: Այդ նպատակին հասնելու համար ՄՌ մասնագետները պետք է դրսևորեն նախաձեռնողականություն ու պատրաստակամություն և ձեռքբերեն անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ: Զեկույցն անդրադառնում է նաև հարցման արդյունքում ստացված ՄՌ գործառույթի ծախսարդյունավետության գնահատումների, վերջինիս և ՄՌ մեխանիզմների միջև կորելյացիոն կապերի, ՄՌ մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստվածության, մասնավորապես` տվյալագիտության և վերլուծություններ կատարելու ոլորտներում և այլ հարցերին: Զեկույցը կարող է օգտակար լինել կառավարման, ՄՌ ոլորտի մասնագետների, տնօրենների խորհրդի անդամների, գործադիր պաշտոններում աշխատողների, կառավարման ոլորտի փորձագետ/հետազոտողների, ինչպես նաև ուսանողների համար: