Ռեզյումե. Ի՞նչ, Ինչո՞ւ և Ինչպե՞ս

Գոյություն ունի ինքնակենսագրականի 2 ձև՝ առաջինը կոչվում է լատիներեն Curriculum Vitae (CV), և երկրորդը, դրա կարճ տարբերակը, որը շատ տարածված է՝ ռեզյումե /resume/:

Ինքնակենսագրականը չափազանց կարևոր և հզոր գործիք է, որովհետև բացի նրանից, որ գործատուն ստանում է դիմորդի մասին բուն ինֆորմացիա, կարող է նաև որոշակի կարծիք կազմել տվյալ անձնավորության մասին։ Երբեմն ինքնակենսագրականի ոչ պատշաճ կազմված լինելու պատճառը բացասաբար է ազդում որակյալ դիմորդի վարկանիշի վրա, թույլ չտալով վերջինիս մասնակցել ընտրության հետագա փուլերում։ Այն կարող է նաև որոշակի կանխակալ կարծիք կամ վերաբերմունք ձևավորել գործատուի մոտ:

Ստորև ներկայացնում եմ ամենահաճախ հանդիպող բացթողումները կամ սխալները:

Ծավալը

Այստեղ ամենակարևոր կանոնը՝ հնարավորինս հակիրճ: Աշխատանքի համար դիմորդների թիվը գրեթե միշտ մեծ է, իսկ գործատուները չունեն մեծ ցանկություն և ժամանակ ուսումնասիրելու ծավալուն ինքնակենսագրականները: Իհարկե, էջերի որևէ ընդունված սահմանափակում չկա, սակայն խորհուրդ է տրվում կազմել ռեզյումեն համառոտ՝ մինչև 3 էջ առավելագույնը:

Կրթությունը

Պարտադիր նշեք ավարտելու տարեթիվը, ստացած դիպլոմը, ինչպես նաև կոչումը կամ աստիճանը /մագիստրոս, բակալավր, մասնագետ և այլն/: Եթե ունեք նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, ապա հանրակրթական դպրոցի մասին հարկ չկա նշելու, եթե իհարկե խոսքը մասնագիտացված դպրոցների մասին չէ՝ օրինակ «Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» և այլն: Հաճախ հանդիպող սխալներից է նաև, երբ կրթությունն ու տարբեր դասընթացներին մասնակցությունը նշվում են ռեզյումեի նույն հատվածում:

Աշխատանքային փորձը

Ռեզյումեներում հաճախ կարելի է տեսնել պարտականությունների և պարտավորությունների մասին երկարաշունչ և մանրամասն նկարագրություն: Արդյո՞ք դա ճիշտ է:

Ընդհանրապես, ՄՌ հարցերով մասնագետները խորհուրդ են տալիս կենտրոնանալ ոչ թե պարտականությունները մանրամասն թվարկելու վրա, այլ նշել կատարած գործողությունների շնորհիվ ստացված արդյունքները՝ օրինակ «ապահովել եմ 10-ից ավելի գործընկերային հարաբերությունների համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի ձևակերպումները» կամ «նախաձեռնել և իրականցրել եմ 10 ամիս տևողությամբ կամավորական ծրագիր, որի արդյունքում մաքրվել է X գետի ողջ երկայնքը»:

Եթե այնուամենայնիվ դժվարանում եք որոշել, թե որն է եղել վերջնական արդյունքը կամ արդյունքները, և ինչը որպես այդ արդյունքին հասնելու կարևոր քայլ կամ բաղադրիչ, ապա ավելի ճիշտ կլինի խմբավորել պարտականություններն ըստ իրենց տեսակի: Օրինակ, եթե Ձեր աշխատանքի շրջանակներում դուք պատասխանել եք պատվիրատուների հեռախոսազանգերին, տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին, իրականացրել եք վաճառք և այդ ամենի մասին պարբերաբար տեղեկացրել եք վերադասին գրավոր կամ բանավոր, ապա այդ բոլոր գործողությունները մեկ առ մեկ գրելու փոխարեն պարզապես պետք է նշել՝ «իրականցրել եմ հաճախորդների սպասարկման գործառույթներ», փակագծերի մեջ նշելով մեկ կամ երկու հիմնական պարտականություն:

Տարածված սխալ է նաև պատասխանատվությունը որպես գործառույթ նշելը, օրինակ՝ «ապահովել ծրագրի իրականացման բնականոն ընթացքը», կամ «ապահովել գրասենյակի բնականոն աշխատանքը»: Սա շատ ընդհանուր է, և պարզ չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի դիմորդը բնականոն ընթացքի ապահովման տակ և ինչպես է ապահովել այդ բնականոն աշխատանքը:

Ի՞նչ անել, եթե աշխատանքային փորձը բացակայում է

Հաճախ են այնպիսի դեպքերը, երբ դիմորդները, հատկապես նորավարտ երիտասարդները չունեն համապատասխան աշխատանքային փորձ: Սա իհարկե բարդ հարց է: Ուստի խորհուրդ եմ տալիս ուսանելու տարիներին ձեռնամուխ լինել կամավորական աշխատանքի: Կամավորական աշխատանքի առկայությունը վկայում է Ձեր աշխատասիրության մասին, իսկ բուն զբաղմունքից դուք շատ օգուտներ կարող եք քաղել և փորձ ձեռք բերել: Իսկ ամենակարևորը՝ զգալիորեն կբարձրացնեք Ձեր վարկանիշը և կունենաք համեմատական առավելություն այլոց նկատմամբ:

Ուսուցողական ծրագրեր, վերապատրաստում /Training/

Այս հատվածում չափազանց կարևոր է նշել հետևյալը՝ դասընթացի ժամկետները, դասընթացի ճշգրիտ անվանումը, դասընթացը իրականացնող կազմակերպությունը, ինչպես նաև այն կազմակերպությունը, որի հովանու տակ տվյալ դասընթացն անց է կացվել, օրինակ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները: Պարտադիր է նշել ստացած վկայականների մասին, իսկ եթե դասընթացի արդյունքում ստացել եք համապատասխան որակավորում, ապա այն նույնպես պետք է նշել: Օրինակ, բոլոր այն դեպքերում, երբ Ձեր նախկին աշխատավայրում անցել եք հենց այդ ընկերության անձնակազմի համար անցկացված այս կամ այն դասընթացն ու վերապատրաստումը, ապա անպայման նշեք այդ կազմակերպության կամ ծրագրի անվանումը: Հաճախ կազմակերպության ներսում անցած կարճատև սեմինար-պարապմունքը մատուցվում է որպես վերապատրաստում, ուստի այդ պատճառով ցանկալի է նաև նշել ուսուցողական ծրագրի տեսակը՝ օր. սեմինար, դասընթաց, պարապմունք և այլն:

Աշխատեք չշփոթել որակները, հմտությունները, կարողությունները և որակավորումները

Դիմորդները մեծ հաճույքով նշում են իրենց անձնական որակները, օրինակ աշխատասիրությունը, նվիրվածությունը և այլն, դրանք համադրելով հմտությունների, կամ երբեմն նույնիսկ «որակավորումների» հետ:

Որպես որակավորում կարելի է նշել այնպիսի կարողություն, որը պաշտոնապես ճանաչվել է հատուկ մասնագիտական խորհրդի կամ հաստատության կողմից: Օրինակ «առաջին բուժօգնություն» տրամադրելու կարողությունը համարվում է որակավորում, եթե այն ձեռք է բերվել համապատասխան մասնագիտական դասընթացի արդյունքում, իսկ «գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերություններին» տիրապետելն ամենևին որակավորում չէ, այլ լավագույն դեպքում հմտություն է, որին դիմորդն իր կարծիքով տիրապետում է, սակայն այն դեռ պետք է ապացուցել: Որակավորում կարող է համարվել, օրինակ, ծրագրավորման տարբեր լեզուներին տիրապետելը:

Լուսանկարներ, նախասիրություններ և այլն անձնական տեղեկություններ

Շատերը գերադասում են զետեղել իրենց լուսանկարները՝ հավանաբար տեսողական մակարդակում իրենց մասին առավել լավ պատկերացում կազմելու համար, ինչպես նաև նշում են նախասիրությունները, օրինակ «ակվարիումային ձկների բազմացում» կամ «ժայռերի մագլցում» (հավանաբար գործատուների վրա առավել վառ տպավորություն թողնելու նպատակով): Այս ամենն, ինչպես ասում են, չի արգելվում նշել, սակայն որքանո՛վ կարող է նպատակահարմար լինել, որոշեք ինքներդ:

Խուսափել չափազանցված ինքնագնահատակններից

Իհարկե հասկանալի է, որ դիմորդն ամեն կերպ ուզում է իր լավագույն հատկանիշները նշել ռեզյումեի մեջ, քանի որ այն միակ և եզակի հնարավորություն է ընձեռում սեփական անձի մասին գործատուին տեղեկություններ հասցնելու առումով։ Վերջին տարիներին սրան գումարվել է նաև արևմուտքից ներթափանցած այն միտումը, որ պետք է ներկայանալ որպես չափազանց ինքնավստահ դիմորդ, մասնագետ և ստեղծել լավատես անձնավորության կերպար («պոզիտիվ մարդ»): Այս հարցում խորհուրդ կտայի դրսևորել որոշակի նրբանկատություն: Անկախ այն բանից, թե որքան պրոֆեսիոնալ և պահանջված մասնագետ եք Ձեզ համարում, պետք չէ բացահայտ և ուղղակի նշել դրա մասին: Կարող եք պարզապես նշել, որ ունեք այս կամ այն ոլորտում նշանակալի փորձ և փորձառություն, իսկ ստացած որակավորումը, ինչպես նաև ունեցած ձեռքբերումների մասին հիշատակումն արդեն բավարար են, որ Ձեր բարձր մասնագիտական որակների մասին ուղերձը տեղ հասնի:

Ինչ վերաբերվում է անհատական հատկանիշներին, ապա շատ դիմորդներ աշխատանքի դիմելիս ուղղակիորեն ինքնագովասանքով են զբաղվում: Պարզապես պետք չէ մոռանալ, որ Ձեր անձնական կարծիքը Ձեր մասին կարող է առնվազն չհամընկնել այլոց կարծիքի հետ: Ձեր հատկանիշների և որակների մասին դուք կարող եք պատմել, ինչպես նաև վկայություն տալ կամ ապացուցել ընտրության և համալրման հետագա փուլերում:

«ՊրոՍերվիս-Լ» ընկերությունը սիրով բոլոր աշխատանք փնտրողներին մաղթում է ամենայն հաջողություն:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան ©«Պրոսերվիս-Լ ՍՊԸ /Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման խորհրդատվալան ընկերություն/, @proservice-l, www.proservice-l.com: