Մասնագիտական կողմնորոշում. հմտություններ և կարողություններ

Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը չափազանց կարևոր է մարդու համար, քանզի դրանով է պայմանավորված նրա աշխատանքային գործունեության որակն ու մակարդակը, սոցիալական կարգավիճակն ու բարեկեցությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:

Ի՞նչ եմ ուզում ես դառնալ, որտե՞ղ ես կուզեի աշխատել հետագայում, որտե՞ղ է հնարավոր լավ վաստակել… այս և նման այլ հարցեր ի հայտ են գալիս վաղ պատանեկության տարիներին, երբ պատասխանները գտնելու համար իմի ենք բերում մեր նախասիրությունները, հետաքրքրությունները, հոգեկերտվածքը, ընտանիքի կամ մերձավոր շրջապատի արժեքներն ու նախապատվությունները, դրական օրինակները և այլն: Մարդկանց մի մասը հետևում է իր համար հեղինակություն վայելող անձանց խորհուրդներին, իսկ առավել հաճախ առաջնորդվում է պատկերացրած մասնագիտությամբ հետագայում արագ աշխատանք գտնելու, ինքնադրսևորվելու, գումար վաստակելու փաստարկներով և, իհարկե, աշխատաշուկայի պահանջներով:

Երբեմն, երիտասարդների մի ստվար հատված անիմաստ տարիներ է անցկացնում համալսարաններում, սակայն անպատրաստ դուրս է գալիս այնտեղից՝ չունենալով համապատասխան գիտելիքներ և, որ ավելի ցավալի է, չունենալով համապատասխան կարողություններ որևէ ոլորտում դրանք կիրառելու համար:

Խնդրի պատճառները տարբեր են, մասնավորապես այն, որ երիտասարդ աղջիկներն ու տղաները, ինչպես նաև նրանց ուղղորդողները, հաճախ անտեղյակ են լինում առկա մասնագիտությունների և զբաղվածության հնարավորությունների մասին:

Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար կարևոր է կարողությունների զարգացումը: Իսկ ի՞նչ է կարողությունը: Հաճախ «հմտություններ» և «կարողություններ» եզրույթները շփոթում են: Մասնագիտական գրականության մեջ «հմտությունները» որոշակի խնդրի կամ առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներին և մեթոդներին տիրապետելու ունակությունն է, իսկ ահա «կարողությունները» մարդու կողմից յուրացրած գիտելիքների և հմտությունների շնորհիվ գործողություններ կատարելու եղանակները: Կարողություններին տիրապետելն օգնում է արդյունավետ գործելաոճ ոչ միայն ամենօրյա, այլև արագ փոփոխվող իրավիճակներում, որը չափազանց կարևոր է ժամանակակից աշխարհում:

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացմանը մեծ ուշադրություն է հատկացվում: Մասնագիտական Կրթության և Ուսուցման Զարգացման Ազգային Կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/ ղեկավար Տաթևիկ Գասպարյանը նշում է. «Սա ինքնանպատակ չէ, որովհետև միջազգային վիճակագրությամբ ողջ աշխարհում նյութական արտադրության և սպասարկման ոլորտի հիմնական արտադրողական ուժը ապահովում է նախնական և միջին մասնագիտական կրթությունը»:

Այսօր ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանում, լայնորեն խրախուսվում է հմտությունների տարածումն ու զարգացումը, իսկ արհեստների նկատմամբ սերն ու հարգանքն ունի պատմամշակութային խորը արմատներ: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում զուր չէ ասվում ՝ «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի իմանա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր, թե՛ իշխան»: Հայաստանում գործում է մոտ 100 քոլեջ և ուսումնարան: Մասնագիտությունների շրջանակը լայն է և բազմազան՝ ոսկերչություն, խոհարարություն, կոշիկի արտադրության տեխնոլոգիա, վարսահարդարություն, շինարարական մեքենաների և մեխանիզմների մոնտաժում, շահագործում և այլն:

Մեր երկրում դեռևս բարեփոխումներ են ընթանում արհեստագործական, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում. անելիքներն էլ բնականաբար, շատ են: Սակայն կուզեի մի շատ կարևոր խնդրի մասին նշել. մրցունակ և որակյալ մասնագետներ պատրաստելու հարցում կարևորվում է նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապը: Արտադրական ձեռնարկություններում գործնական/արտադրական պրակտիկա անցնելու և հետագայում համապատասխան մասնագետներին աշխատանքի մեջ ներգրավելու համար շատ կարևոր է գործուն մեխանիզմների ստեղծումը և կիրառումը: Դրան հնարավոր է հասնել տվյալ ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների կառավարման (HR) արդյունավետ համակարգի ներդրման և համապատասխան ընթացակարգերի առկայության պայմաններում: Այս առումով, մարդկային ռեսուրսների կառավարման ստրատեգիան ուսումնասիրում է առկա աշխատանքային ռեսուրսները և համեմատում դրանք կազմակերպության կադրային կարիքների հետ։ Արդյունքում գործատուները հնարավորություն են ստանում հստակ պահանջարկ ձևակերպել որակյալ մասնագետների ընտրության և ներգրավման վերաբերյալ: Նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են գրագետ մոտեցումներ, ներառյալ կառավարման ոլորտի փորձագիտական գիտելիքներ և հմտություններ:

Օգտակար հղումներ www.mkuzak.am /Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման կենտրոն/

https://www.dasaran.am/apps/admission /Դիմորդի անկյուն բաժնում կարող եք ծանոթանալ միջին մասնագիտական կրթական հաստատությունների և մասնագիտությունների ցանկին/ Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան, «ՊրոՍերվիս-Լ» Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման խորհրդատվական ընկերության տնօրեն

Share on facebook
Share on twitter
Share on linkedin