Կարմիր խաչի հետ իմ ծանոթությունը սկսվել է շատ տարիներ առաջ՝ այն ժամանակ, երբ միացա Կարմիր խաչի երիտասարդական բաժնի կամավորների շարքին: Այդ ժամանակ Հայաստանում ահռելի չափերի քաղաքական, տնտեսական, հումանիտար ճգնաժամ էր, որն առաջացել էր Խորհրդային Միության փլուզման և Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հետևանքով: Այսօր, հետադարձ հայացք նետելիս, կարևորում եմ այն հանգամանքը, որ իմ փորձառությունը ներառում է Կարմիր խաչում կատարած կամավորական աշխատանքը, ինչպես նաև միջազգային ծրագրերում երկար տարիների աշխատանքն ամենտարբեր ոլորտներում` ժողովրդավարության և մարդու իրավունքներին վերաբերվող ծրագրերից մինչև քաղաքացիական ծառայության բարեփոխումներին և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր: Սակայն ծրագրային աշխատողից դեպի մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով մասնագիտական, իսկ ավելի ճիշտ փորձագիտական աշխատանքի անցնելը եղել է իմ գիտակցված ընտրությունը, որն ինչ-որ առումով պայմանավորված էր կազմակերպության հաջողության գործում մարդու կատարած աշխատանքի և դերի կարևորության ըմբռնմամբ և այդ խնդրի հանդեպ ունեցած իմ խորին հետաքրքրությամբ:

        Այսօր՝ ավելի քան 25 տարի անց, ես խորհրդատվական ծառայություններ եմ մատուցում այդ նույն Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որտեղ տարիներ առաջ այլ կամավորների հետ միասին ծանրոցներ էինք բաժանում փախստականներին, մասնակցում առաջին օգնության և այլ մարդասիրական ծրագրերին: Կարո՞ղ եք պատկերացնել իմ ուրախությունն ու հուզմունքը, բայց նաև պատասխանատվության աստիճանը` հաշվի առնելով կազմակերպության հետ ունեցած իմ նախկին համագործակցությունը: Միևնույն ժամանակ, փորձագետի համար յուրահատուկ հնարավորություն է գտնել այնպիսի HR մեխանիզմներ, որոնք կիրառելի են առևտրային կազմակերպություններում արագ տեղի ունեցող փոփոխություններում:



        Երբ Կարմիր խաչ ընկերությունն ինձ առաջարկեց իրականացնել կազմակերպչական կարողությունների ուսումնասիրություն, որպեսզի գտնենք աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված լուծումներ, իմ նպատակն էր շաղկապել կազմակերպության արդյունքներն ու աշխատողների կարողությունները: Իմ նպատակն էր նաև երկարաժամկետ հեռանկարում օգնել կազմակերպությանը ստեղծել հավելյալ արժեքներ մի շարք շահագրգիռ կողմերի համար, ինչպիսիք են դոնորները, շահառուները, համայնքներն ու գործընկեր կազմակերպությունները: Բանաձևը պարզ էր․ ծրագրերում ընդգրկված պրոֆեսիոնալ անձնակազմը կկարողանա ապահովել ցանկալի արդյունք, որը շոշափելի կլինի նաև տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի համար, իսկ արդյունավետ համագործակցության արդյունքում ֆինանսական և այլ ռեսուրսներն ավելի արդյունավետ կերպով կուղղորդվեն մարդասիրական օգնության տարբեր ծրագրերին և նպատակներին:

        Բացի այդ, Կարմիր խաչի հետ համագործակցությունը կարող է օգնել մասնավոր հատվածի ընկերություններին և ձեռնարկություններին՝ դիրքավորվել որպես սոցիալապես պատասխանատու ընկերություններ և դառնալ, այսպես կոչված, «ընտրյալ գործատու», ներգրավել ներդրումներ, ձեռք բերել ավելի լայն ճանաչում և բարձրացնել իրենց հեղինակությունը: Լավ է հնչում, այնպես չէ

          Այնուամենայնիվ, ավելի հեշտ է ասել, քան անել:

Ինչպե՞ս կարելի է պահպանել պրոֆեսիոնալ, մոտիվացված և ներգրավված անձնակազմ՝ շատ հաճախ հոգեկան գերլարված և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի և, մեղմ ասած, ոչ չափազանց բարձր վարձատրության պայմաններում: Այս և այլ հարցերի պատասխանները կարող են տրվել HR ոլորտում առկա լուծումների միջոցով, որոնք հիմնականում ուղղված են կազմակերպչական մշակույթի փոփոխությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն: Մինչ այժմ առաջարկված բազմաթիվ միջոցառումների շարքում է կազմակերպությունում ուսուցման և մասնագիտական աճին ուղղված համակարգի ստեղծումը, որը հնարավորություն է տալիս ներգրավելու ավելի որակյալ թեկնածուների և կամավորների, ինչպես նաև ներդնելու «գործատուի ապրանքանիշ» կոչվող հայեցակարգը, որը հիմնված է Կարմիր խաչի հիմնարար արժեքների և դրանցից բխող սկզբունքների վրա։ Դրանք են մարդասիրությունը, անկողմնակալությունը, չեզոքությունը, կամավորությունը, միասնությունը, աջակցելու պատրաստակամությունը։ Ըստ այդմ՝ դրանք համակցել այնպես, որ շոշափելի փոփոխություն լինի:

        Նոր ստեղծված կոմպետենցիաների համապարփակ շրջանակը արտացոլում է Կարմիր խաչի շարժման սկզբունքներն ու արժեքները և Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարությունը: Շրջանակն ապահովում է կատարողականի չափանիշներ կազմակերպության բոլոր պաշտոնների համար: Այս և նմանատիպ այլ գործողություններին զուգահեռ ընթանում են նաև միջին օղակի համար նախատեսված կառավարչական կարողությունների զարգացմանն ու բարելավմանն ուղղված ուսուցողական ծրագրեր:
Այդ նպատակների իրագործմանն ընդառաջ 2023 թվականի նոյեմբեր ամսին Հայկական Կարմիր խաչի ընկերության տարածքային գրասենյակների ղեկավարների համար անցկացվեց սեմինար, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան աշխատանքային գործունեության համար բարենպաստ ու դրական միջավայր ստեղծելու և թիմային աշխատանքի խթանմանն ուղղված մի շարք գործիքների հետ․ оրինակ՝ «Գցել գնդակը» խաղի միջոցով մասնակիցները ծանոթացան Վռումի ակնկալիքների տեսությանը, ինչպես նաև այլ վարժությունների և իրավիճակային խնդիրների միջոցով ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:

        Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունում ընթացող մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ՝ կադրեր, առաջնորդություն և կազմակերպության կարողություններ: