Կարևորելով տնտեսության տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների կառավարման որակի և աշխատանքի արդյունավետության բարելավումը, մասնագիտական գիտելիքների և ներուժի փոխանցումը գիտահետազոտական, կրթական և ուսումնական ծրագրերի միջոցով, 2021 թ. նոյեմբերին Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և «Պրոսերվիս-Լ» ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Համաձայն հուշագրի, կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ մշակելու գործողությունների ծրագիր՝ ուղղված մարդկային կապիտալի չափորոշման և վերլուծության իրազեկմանը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների վերապատրաստմանը Հայաստանի գործարար հատվածի կազմակերպությունների համար:

Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից անց է կացվում Հայաստանյան կազմակերպություններում աշխատուժի /մարդկային կապիտալի/ վերլուծաբանության և չափագրման գործիքակազմի արդի իրավիճակը: Ծրագրի արդյունքում ակնկալում ենք բիզնես հանրության շրջանում ծավալել քննարկումներ նվիրված մարդկային կապիտալի վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը և վերլուծությունների իրականացմանը՝ վեր հանելով դրանց արժեքն ու ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա: Հետազոտության հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ ժամանակակից Հայաստանյան ձեռնարկությունները աշխատուժի վերաբերյալ սահմանափակ ծավալի վերլուծություններ են իրականացնում, ինչը բավարար չէ ՄՌ ռազմավարության մշակման ու բիզնեսի աճին ուղղված որոշումների ընդունման համար: 

Հետազոտությունն անց է կացվում հարցման միջոցով, իսկ դրան մասնակցելու հրավերներն ուղարկվել են Հայաստանում գործող մի շարք միջին և խոշոր ձեռնարկություններին՝ ՏՏ, հյուրընկալության և տուրիզմի, բուժօգնության կազմակերպման, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին։